Հայրս արմատներով Կարին-էրզրումցի է: 1830-ական թվականներին, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կազմակերպած մեծ տեղահանության ժամանակ, ի թիվս տասնյակ հազարավոր հայերի, մեծ պապս գաղթել և հիմնավորվել է Ջավախքում:
Հետագայում, համագյուղացիների հետ Արդահանից Ախալքալաք աղ տեղափոխելու մեկնած պապս ըմբշամարտի է բռնվում հայերի ինքնասիրությունը վիրավորած մի թուրքի հետ, որը մինչ այդ մրցել և հաղթել էր մի քանիսին և հրապարակավ ծաղրում ու վիրավորում էր հայերի արժանապատվությունը, ու գետնում է նրան: Թուրքերը, խախտելով ազնիվ մրցակցության կարգը, թիկունքից նենգաբար կրակում են պապիս, թրատում և, մարմնի մասերը լցնելով պարկերի մեջ, հայտարարում համագյուղացիներին, որ այսուհետ աղի համար նախատեսված պարկերը լցվելու են նույնպիսի պարունակությամբ, և նրանց սայլերը մշտապես տուն են վերադառնալու դիակներով բարձած: Հայրս սիրում էր պատմել իր տոհմի մասին առանձին դրվագներ, հպարտությամբ հիշում մեր արյունակից դյուցազունների գերբնական ուժն ու արարքները, ասես պատվիրելով մեզ պահպանել այդ մարդկանց և դեպքերի մասին հուշերը և չթողնել, որ դրանք անհետ կորչեն մոռացության փոշու մեջ: Նա հաճախ էր մեր տան պատշգամբից հայացքը հառում Արարատ լեռանը, կարծես հոր, պապերի, նախնյաց պատկերներն էր փնտրում, կարծես նրանց, իր արմատները թողած եզերքի կարոտն առնել էր ուզում բիբլիական սրբությունից: Հորս այդ խոհուն ու մտազբաղ հայացքը, հավանաբար, վերափոխիչ դեր ունեցավ իմ կյանքում: Չէ՛, նա վրեժի մասին երբե՛ք չխոսեց, չուղղորդեց, բարձրաձայն չհայհոյեց նեռին, հորիցս երբե՛ք չեմ լսել նման բան: Հայրս խաղաղ բնավորություն ուներ, տիրապետում էր իր ցավն ատամների տակ սեղմելու կամքին, հետագայում միայն պիտի հասկանայի, որ նա իր հրատարակչական աշխատանքով և ստեղծագործությամբ է կռիվ տալիս ցավի դեմ, իսկ գործի մարդիկ կամ քչախոս կամ ընդհանրապես լուռ են: Չարության որդը անկարող էր թափանցել նրա ամուր և հաստատակամ էության մեջ:
Նա շատ էր հիշում հորը՝ Դիվինին: Հիշում և պատմում էր, որովհետև ընդհատված բախտորոշ բան կար նրա կյանքում, մանկան հայրական կարոտ ու հպարտություն՝ նրա քաջության և գրագիտության, կատարած բարի, մնայուն ու հայրենանվեր գործերի համար: Ընդամենը ինը տարեկան է եղել, երբ կորցրել է հորը, որը, չնայած երիտասարդ տարիքին, հսկայական ներդրում ուներ Ջավախքի անվտանգության ապահովման, կրթական-մշակութային կյանքում և մեծ համբավ էր վայելում ամբողջ տարածաշրջանում: Մեծերը պատմում էին նրա և ժողովուրդների ինքնակոչ հոր միջև եղած լրջագույն, խորքային տարաձայնությունների մասին: Նա շարունակ, ասես, հորն էր փնտրում և, ինձ թվում է, շատ նման էր նրան, նրա լիարժեք շարունակությունն էր: Երևի դա էր պատճառներից մեկը, որ բոլոր երեխաներին նայում էր հայրական հայացքով, հոր աչքերով: Հայրս ներքուստ, առանց ի ցույց դնելու, ապրում և վերապրում էր մանկության օրերի ցավն ու դառնությունը: Այդ չխամրող հիշողությունը գիր ու գրականություն դարձավ՝ ստանալով հավիտենական կյանքի ուղեգիր:
Որբությո՛ւն, խորթությո՛ւն, սո՛վ, պատերա՛զմ: Ցա՛վ, ցա՛վ, ցա՛վ: Իրար հերթ չտվող ցավերի շղթա: Ռազմադաշտում անգամ նա իր հոր ու մոր, իր երկրի զավակը մնաց՝ հորից ժառանգած արիությամբ անցնելով ծանրագույն փորձությունների միջով: Նրա զորավոր ուժը և հավատը Երկրի նկատմամբ՝ ծնողների նկատմամբ ունեցած անսահման սիրո ծնունդ էր, որ սերում էր մանկան մաքրությունը պահպանելուց, իսկ անսահման բարությունը՝ չարի ու չարիքի դեմ տարած բազում հաղթանակներից: Ամենուր, ամեն ինչում, բոլոր հարաբերություններում և ճնշող իրավիճակներում նա կարողացավ պահպանել մարդկային բարոյականության և անխարդախության բարձր նշաձողը:
Հայրս չի հասցրել լիարժեք շրջանավարտ դառնալ. դպրոցական վերջին զանգի լուսաբացին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: ՈՒղղակի դպրոցը, աշակերտական նստարանը նոր թողած՝ մեկնել է ռազմաճակատ: Մարտնչել է առաջնագծի ամենածանր ճակատներում, վիրավորվել ձեռքից, ոտքից, թիկունքից: Մի քանի անգամ ստացել ծանր վիրավորումներ: Տուն է վերադարձել, ասես, մի ուրիշ մարդ: Նկատի ունեմ և՛ հոգեմտավոր հասունացումը և՛, հատկապես, արտաքինը: Տակավին նոր կյանք մտնող երիտասարդը մտել էր մահվան հնոց, տեսել դաժանություն. արյուն և մահե՜ր, մահե՜ր, մահե՜ր… Եվ այդ ամենով հանդերձ, նա էությամբ անփոփոխ մնաց, մնաց այնպիսին, ինչպիսին ծնել էր Շուշան մայրը: «Ո՛չ աղջիկները ձեր նեղ փողոցի, ո՛չ մայրդ անգամ, մայրդ հարազատ չտեսան երբեք ջահելությունդ»,-գրում է նա իր սերնդակիցներին ձոնած «Մեր ջահելությունը» բանաստեղծության մեջ 1945 թվականին:
Պատերազմից հետո իր ծննդավայրում անցնում է մանկավարժական աշխատանքի: Դպրոցում ստանձնում է զինուսույցի պարտականություններ: Պատմում էր, որ տեղի բժշկի խորհրդով, ամեն օր դասերից հետո իջել է ձոր և երկար ժամանակ անցկացրել սառնորակ չռռիկի (ջրվեժ) տակ, որպեսզի ապաքինի փողոցային մարտերում ավտոմատի խզակոթով թիկունքից ողնուղեղին հասցրած հարվածի հետևանքները, որի պատճառով լրջորեն վնասվել էր նյարդային համակարգը, իսկ եռամսյա բուժումը հոսպիտալում կիսատ է թողել՝ աճապարելով Ստալինգրադի պաշտպանությանը, որի ելքով որոշվելու էր նաև թուրքական բանակի Հայաստան ներխուժման հիմնախնդիրը:
Ջավախքի չեկայի պետը, որը տարբեր առիթներով նրան նախազգուշացրել ու սպառնացել էր հայրենասիրական ելույթների, հատկապես Նաիրի Զարյանի «Ինչո՞ւ չես խոսում հայերեն» բանաստեղծությունն արտասանելու համար, որը նույնացրել էր հակաբոլշևիկյան-նացիոնալիստական քարոզչության հետ և հորս կողմից արժանացել «թիկունքային առնետ» պատասխանին, անսպասելիորեն առաջարկում է հորս Կարսի պարետի պաշտոնը և, սիրահոժար համաձայնություն ստանալով, ապսպրում չբացակայել քաղաքից առաջիկա օրերին: Ավա՜ղ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, խորհրդային զորքերի Թուրքիա մտնելու ռազմական գործողությունը չեղյալ է հայտարարվում, և ախալքալաքցիներին նվեր են մնում Եվրոպան ոտքի տակ տված և տեղում պարապուրդի մատնված, հաղթանակի արբեցումով լկտիացած զինվորականների հետ ամենօրյա բախումները: Պատմական իրադրությունը բարենպաստ էր հայոց երազանքի մասնակի իրականացմանը, բայց դարձյալ մեր խոփը քարին դեմ առավ, չամբողջացանք: Դարձյալ հայի բախտի քմահաճ շրջադարձ՝ աշխարհի հզորների խաղադրույքների ճնշման տակ, երբ վերահաստատվում է Հայկական հարցի արդարացի լուծում այլոց կողմից ակնկալելու անհեռանկարայնությունը՝ դեռևս դարասկզբին Սիմոն Վրացյանի բնորոշմամբ՝ «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև» գտնվող երկրի համար, վերահաստատելով սեփական ուժերին ապավինելու հրամայականը: Հայրս շարունակ մեծ ափսոսանքով էր հիշում ի դերև եղած հույսերը, և այդ ափսոսանքն ու ցավը ևս
արտահայտվեցին նրա գեղարվեստական ստեղծագործությունների էջերում:
Հորս երևանյան կյանքը սկսվում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետից: Պատահում է այնպես, որ գողանում են դիմորդ հորս հացի քարտը: Անծանոթ քաղաքում երկար ժամանակ սոված չմնալու համար նա ստիպված է լինում դիմելու ինստիտուտի ղեկավարությանը՝ խնդրելով մեկ-երկու օրվա ընթացքում արագ հանձնել ընդունելության բոլոր քննությթունները: Ռեկտորատն ընդառաջում է պատերազմի հաշմանդամ երիտասարդին, և նա դրական արդյունքներով վերադառնում է Ջավախք:
Դավիթ Մկր Սարգսյան
(շարունակելի)